Շիկահողի Արգելոց

Շիկահողի արգելոցը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Խուստուփ լեռան հարավ արևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերին Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում, 700-2800 մ բարձրություններում։ Այն հիմնվել է 1958 թվականին։ Տարածքը կազմում է մոտ 10 330 հա: Կազմավորվել է կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով։ Արգելոցի տարածքը խիստ մասնատված ռելիեֆ ունի։ Շատ են լեռնային գետակները և հանքային աղբյուրները։

Բուսական Աշխարհը

101_0106_platanovaya_rosha_01

Բուսական աշխարհ ներկայացված է բարձրակարգ բույսերի 432 ցեղի և 92 ընտանիքի 1100 տեսակներով, որոնցից 70-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Հարուստ է Կովկասյան տիպի խոնավասեր բույսերով, ջերմախոնավասեր ծառաթփային տեսակներով ու խոտաբույսերով։ Բազմաթիվ են էնդեմիկ տեսակները, որոնցից շատերը կոչվում են Զանգեզուր տեղանունով՝ Զանգեզուրի տանձենի, Զանգեզուրի զանգակածաղիկ, Զանգեզուրի շնկոտեմ և այլն։ Տարածքի մոտ 94 տոկոսն անտառապատ է։

Անտառառաջացնող ծառատեսակներն աճում են արգելոցի ավելի բարձր լանջային տեղամասերում։ Այստեղ տարածված են արևելյան և սովորական բոխին, վրացական և խոշորառէջ կաղնիները, հատապտղային կենին, արևելյան հաճարենին, արևելյան սոսին (Կովկասում միակ սոսու պուրակը)։ Կան նաև վայրի պտղատու ծառատեսակներ՝ տանձենին, արևելյան խնձորենին, կենին, հունական վայրի ընկուզենին, լորենին, հացենին, թխկին, թեղին, սալորենին։ Ծառաթփային տեսակներից հանդիպում են բթատերև ինկենին, շագանակենին, կովկասյան խուրման, սովորական նռնենին, թզենին, զկեռենին։ Կան 18 տեսակի հազվագյուտ մամուռներ։ Հատկապես հայտնի է բարակ ֆաբրոնիան։

Կենդանական Աշխարհը

13488656740

Արգելոցի տարածքում սողուններից հայտնի են գյուրզան, ջրային և սովորական լորտուները, դեղնափորիկը, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը։ Թռչուններից տարածված են վայրի հնդկահավը, քարարծիվը, սպիտակագլուխ անգղը, կաթնասուններից՝ գորշ արջը, գորշուկը, վարազը, այծյամը, գայլը, աղվեսը, գորշ նապաստակը, լայնականջ ոզնին, երբեմն բեզոարյան այծը, հովազը։ Կենդանիներից շատերը նույնպես գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Posted on April 30, 2015, in Բնագիտություն և էկոլոգիա. Bookmark the permalink. Leave a comment.

Leave a comment